Connect with us

Լուրեր Հայաստանից

ԳԼԽԱՎՈՐ

Գագիկ Ծառուկյանը նոր իրավիճակում. «սողոմոնյան» դատավճիռ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցը Վերաքննիչ դատարանը դարձյալ հասցեագրեց Ընդհանուր իրավասության դատարան, նոր քննության: Այդպիսով Վերաքննիչը մասնակի բավարարեց Ընդհանուր իրավասության դատարանի առաջին որոշման դեմ դատախազության բողոքը, որով դատարանը մերժել էր կալանավորել ԲՀԿ նախագահին:

Գագիկ Ծառուկյանն այդ որոշումից հետո վարակվեց կորոնավիրուսով եւ գտնվում է հիվանդանոցում: Արդյո՞ք Ծառուկյանի վարակը պայմանավորված էր այն ակցիաներով, որ կազմակերպում էին նրա կողմնակիցները դատարանի կամ ԱԱԾ դիմաց, պարզ չէ: Համենայն դեպս, դրանից հետո եղավ ԲՀԿ վարակակիրների շարք:

Միեւնույն ժամանակ, ԲՀԿ նախագահը վարակով հանդերձ հասցրեց հայտարարել, թե Հայաստանում սրվում է հակառուսական ալիք եւ ինքը որպես խոշոր ընդդինադիր ուժի առաջնորդ կանի ամեն ինչ դա կանխելու համար: Արդյո՞ք ԲՀԿ նախագահի այդ ռուսական հայտը պայմանավորված էր պաշտպանության ակնկալիքով, թե՞ դա ոչ թե հայտ էր, այլ հենց Ծառուկյանի անունից արված նախանշում, թե ով է Հայաստանում Ռուսաստանի քաղաքական շահերի ներկայացուցիչ ուժը, ում է տեսնում Ռուսաստանն այդ դերում:

Հատկանշական է, որ Գագիկ Ծառուկյանի կորոնավիրուսով վարակվելուց անմիջապես հետո հայտնի դարձավ, որ վարակված է նաեւ նրա հետ գործընկերություն սկսած ԱԱԾ նախկին պետ, Հայրենիք կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որը եւս դիտվում էր Հայաստանում ռուսամետ քաղաքական դիրքավորման համապատկերում: Հատկանշական է, որ Արթուր Վանեցյանը ոչ միայն չի արձագանքել կամ մեկնաբանել հակառուսականության դեմ կանգնելու Գագիկ Ծառուկյանի անունից տարածված հայտարարությունը, այլեւ դրա հաջորդ իսկ օրը ինքը հայտարարություն տարածեց բոլորովին այլ համատեքստով՝ հանրային համերաշխության կարեւորություն:

Բավականին նկատելի էր, որ կամա, թե ակամա, Արթուր Վանեցյանն այդ հայտարարությամբ տարանջատվում էր Ծառուկյանի հայտարարությունից: Արդյո՞ք նաեւ Ծառուկյանի հետ գործակցության այն ձեւաչափից, որ նոր էր սկսվել: Դա պարզ չէ: Արթուր Վանեցյանն ըստ ամենայնի պետք է հասկանա, կա՞ շանս Ծառուկյանի հետ գործակցությամբ աստիճանաբար նրան դուրս մղել առաջին դիրքից, թե՞ ոչ: Որովհետեւ այդ ձեւաչափում Վանեցյանի համար թերեւս չկա առաջինից բացի այլ տեղում լինելու որեւէ իմաստ:

Առավել եւս, որ կա մեկ այլ ոչ պակաս հետաքրքիր հարց՝ ինչ ծրագրեր ունի Ռոբերտ Քոչարյանը, որը եւս բացահայտ կերպով դիրքավորվել է Ռուսաստանի ուղղությամբ: Ռոբերտ Քոչարյանը միանալու՞ է մրցակցությանը, թե՞ լինելու է Քոչարյան-Ծառուկյան միացում: Չի բացառվում, որ այս փուլում Արթուր Վանեցյանը փորձում է անգամ լուծել այդպիսի միացում թույլ չտալու խնդիրը:

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցն այս իրավիճակում դարձել է որոշակի լակմուսի թուղթ, որը հնարավորություն կտա գնահատել որոշակի միտումներ կամ նկատել բացված խաղաքարտեր: Առայժմ փաստորեն դա հետաձգվում է դատարանի «սողոմոնյան» վճռով:


Նյութի աղբյուր

Facebook Comments
Continue Reading

ԳԼԽԱՎՈՐ

To Top