Connect with us

Լուրեր Հայաստանից

ԳԼԽԱՎՈՐ

Հեռավոր արեւելքից մոտեցող վերջը. ինչ որոշում է կայացվելու Մոսկվայում

Ռուսաստանի հեռավոր արեւելքում՝ Խաբարովսկում, տեղի է ունենում վերջին երկու տասնամյակի Ռուսաստանի համար թերեւս աննախադեպ մի բան՝ տասնյակ հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ բողոքի ակցիա, որտեղ հնչում են հակաիշխանական կարգախոսներ, ընդհուպ՝ «Մոսկվա հեռացիր, մենք ենք այստեղ իշխանությունը»:

Պատճառը, կամ գուցե առիթը Խաբարովսկի նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի ձերբակալությունն է, որին տեղափոխել են Մոսկվա եւ մեղադրում են սպանություններ պատվիրելու մեջ: Գործարար Ֆուրգալը քաղաքականության մեջ է 2005 թվականից, 2018-ին ընտրվել է նահանգապետ, ջախջախիչ պարտության մատնելով գործող նահանգապետ, Եդինայա Ռոսիայի տեղական կառույցի ղեկավար Շպորտին:

Ինչու՞ է ձերբակալվել Ֆուրգալը, կա՞ քաղաքական համատեքստ դրանում, բարդ է ասել, սակայն ակնառու է, որ ձերբակալությունն արդեն իսկ դարձել է աննախադեպ քաղաքական իրողության պատճառ կամ առիթ: Եվ դա Ռուսաստանում սահմանադրական հայտնի հանրաքվեից, Պուտինի ժամկետների զրոյացումից հետո: Հատկանշական է այն, որ Խաբարովսկի ակցիաներին ոստիկանությունը գոնե առայժմ հետեւում է առանց միջամտության, ինչը եւս բնորոշ չէ Ռուսաստանին: Համենայն դեպս, Մոսկվայում կամ Սանկտ-Պետերբուրգում ընդդիմության շատ ավելի սակավամարդ ակցիաներին հակադրվում էր ակնհայտորեն անհամարժեք ոստիկանական ուժ:

Ինչ է կատարվում Խաբարովսկում, որտեղ համենայն դեպս անցնող ժամերի ընթացքում իրավիճակը կարծես թե դուրս է ներկայիս «ավանդական ռուսական համակարգի» շրջանակից: Խաբարովսկից «զրոյանու՞մ» է այդ համակարգը, թե՞ այն դեռեւս հետեւում է եւ գնահատում իրավիճակը, հասկանալու համար դրա լրջությունը, հետագա արձագանքը որոշելու համար:

Թե՞ փորձ է արվում դիտարկել Խաբարովսկից որոշակի «գոլորշի բաց թողնելու» տարբերակը, ինչում հատկանշական է, որ ռուսական ներկայիս իրականության համար աննախադեպ զարգացումները ծավալվում են Մոսկվայից առավելագույնս հեռու: Մյուս կողմից, երաշխավորվա՞ծ է, որ դրանք չեն հասնի Մոսկվա, չեն «ոգեւորի» մոսկվացիներին: Հատկանշական է նաեւ հանգամանքը, որ Խաբարովսկի նահանգը հարեւան է Չինաստանին: Մինչդեռ հայտնի է, որ Ռուսաստանի հեռավորարեւելյան ռեգիոնը խոշոր հաշվով «չինականացվում» է: Հնարավոր է, որ նաեւ այդ հանգամանքը նկատի ունենալով Մոսկվան չի գնում կտրուկ արձագանքների:

Բայց, ինչպե՞ս կզարգանան իրադարձություններն այդ դեպքում:

Խոշոր հաշվով, Խաբարովսկում տեղի ունեցողը գործնականում ռուսական ներկայիս իրականության խորքային, թե բարոյահոգեբանական, թե քաղաքական խնդիրների խտացումն է, այն բարդ իրողությունների ու մարտահրավերների, որի առաջ ժամանակակից աշխարհում կանգնած է ռուսական հետադեմ կառավարման համակարգը: Գործնականում այդ համակարգը կառուցվել եւ կենսագործել է ռուսական պետականության ներուժի մսխման «փիլիսոփայության» վրա, իհարկե ռեսուրսի մսխման ծավալների ուժգնացման հետ մեկտեղ գործընթացը ավելի ուժգին կոծկելով հայրենասիրական լոզունգներով:

Ամբողջ խնդիրն այն է սակայն, որ ինչքան Ռուսաստանը արագորեն փորձում է մխրճվել հայրենասիրությունը սրիկայության վերջին հանգրվանը դարձնող փիլիսոփայության մեջ, այնքան Ռուսաստանի շուրջ ավելի է արագանում համաշխարհային փոփոխությունը: Եվ այդ իմաստով էլ ավելի է մեծանում այդ լոզունգների եւ իրականության միջեւ խորությունը, եւ ֆեդերալ հեռուստաալիքներով այն ծածկելը դառնում է ավելի ու ավելի դժվար եւ ծիծաղելի:

Այդ հանգամանքը անշուշտ հիանալի գիտակցում է ռուսական կառավարող վերնախավը: Առկա իրականությունն այդ վերնախավի մոտ սրում է վերջի զգացումը, միաժամանակ նաեւ ինքնապաշտպանության, անձնական ինքնապաշտպանության զգացումները: Ահա այդ համատեքստում, օրինակ, հոգեբանական իմաստով հարց է առաջանում՝ իսկ ու՞մ հաշվին է Պուտինը զրոյացնում ժամկետներն ու ստեղծում իր անձնական երաշխիքները:

Դրանով հանդերձ, կան անշուշտ համապատասխան կառույցներ, որոնց մոտ էլ այդ համատեքստում առաջանում է գլխավոր հարցը՝ իսկ ու՞մ կամ ինչի՞ հաշվին Ռուսաստանը պետք է հաղթահարի ըստ էության խորացող պետականության ճգնաժամը, մի կողմից հաղթահարելով գոյություն ունեցող համակարգն ու տրանսֆորմացվելով նոր իրավիճակի, մյուս կողմից թույլ չտալով փլուզում եւ պահելով վիճակը կառավարելիության շրջանակում:

Եվ, ի վիճակի՞ է արդյոք Ռուսաստանն այժմ լուծել այդ հարցը միայնակ, թե՞ չի ստացվի առանց արտաքին աջակցության:


Նյութի աղբյուր

Facebook Comments
Continue Reading

ԳԼԽԱՎՈՐ

To Top