Connect with us

Լուրեր Հայաստանից

ԳԼԽԱՎՈՐ

Թուրքիայի «մահապարտի» ֆալստարտը. Տավուշից հետո Լավրովի կոշտ հայտարարությունը

Մինսկի խմբի անդամները պետք է պատասխանատու մոտեցում ցուցաբերեն եւ զերծ մնան հայտարարություններից, որոնք կհրահրեն լարվածության աճ: Ռուսաստանի արտգործնախարարությունն այդ միտքը տարածել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցի մասին հաղորդագրության շրջանակում:

Մոսկվայի խոսքն անկասկած ուղղված է Թուրքիային, որը Մինսկի խմբի անդամ պետություններից միակն է, որ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի առնչությամբ արել է ադրբեջանական սադրանքին աջակցող հայտարարություն եւ սպառնալից խոսքեր հնչեցրել Հայաստանի հասցեին, հայտարարելով, որ Բաքվի կողքին են ինչ որոշում էլ կայացնի Ադրբեջանը:

Անկարայի այդ հայտարարությունը իհարկե հասկանալի է՝ Թուրքիան ոչ միայն Մինսկի խմբի միակ անդամն է, որ Ադրբեջանի հետ ունի «եղբայրական» հարաբերություն, այլ Մինսկի խմբի միակ անդամն է, որ հարված է զգացել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածից: Ավելին, սահմանային իրադարձություններից ժամեր անց թուրքական արձագանքը խոսում է այն մասին, որ Անկարան զգացել է այն խորքային հարվածը, որ հայկական ուժերի գործողությունից ստացել է Թուրքիան:

Ընդ որում, իրաիճակը այստեղ բավականին բազմիմաստ է: Անկասկած է, որ Թուրքիայի համար Ալիեւը վերածվել է ռեգիոնալ քաղաքական մահապարտի, որին անհրաժեշտ պահին «ուղարկելու» են գործողության՝ նոր աշխարհակարգում Անկարայի համար ուժեղ տեղ ապահովելու նպատակով:

Տավուշի ուղղությամբ եղել է հենց այդ գործողությու՞նը: Թե՞ հայկական կողմը լավ պատկերացնելով եւ գնահատելով ստեղծված իրադրությունն ու աշխարհաքաղաքական միջավայրը՝ դրանում Թուրքիայի վարքագծի այլ դրսեւորումներն ու ռուս-թուրքական խնդիրները, Ալիեւի սադրանքը օգտագործել է կանխարգելիչ ավելի լայն նշանակության ուժգին հարված հասցնելու համար:

Թուրքիայի արձագանքի համատեքստում «ֆալստարտի» զգացողությունն է: Անկարայի արձագանքը վկայում է այն մասին, որ Թուրքիան հայկական հարվածն ընկալում է այն համատեքստում, որ Ռուսաստանն անցել է իրենից մեկ քայլ առաջ:

Այն, որ հայկական հարվածն իր ուժգնությամմբ ու ռազմավարական նշանակությամբ գոհացնող էր լինելու Մոսկվայի համար, թերեւս անկասկած է, անկախ այն հանգամանքից, թե որքան կարող էր տեղեկացված լինել Ռուսաստանը հայկական զինուժի գործողությունների մասին, որքան էին դրանք նախապես պլանավորված եւ կախված Ադրբեջանի սադրանքից, եւ որքանով են որոշումները կայացվել հենց անմիջապես սադրանքից հետո՝ հընթացս:

Թուրքիային ուղղված զսպվածության գործնականում բացահայտ կոչը խոսում է այն մասին, որ առկա իրավիճակում Ռուսաստանը զգում է իրեն առավել լավ դիրքում, ինչի կարիքը Մոսկվան ուներ հաշվի առնելով ռուս- թուրքական լիբիական զարգացումներում թուրքական քայլերից անհարմարությունները: Բավականին ուշագրավ է, որ Մոսկվային «հռետորաբանության» ազատություն են տվել Մինսկի խմբի մյուս երկու համանախագահները, առնվազն առաջին օրվա ընթացքում:

Մյուս կողմից, իրավիճակի բավականին սառը գնահատման վկայություն է նաեւ Անկարայի արձագանքը, մասնավորապես այն, որ Ադրբեջանին աջակցության եւ Հայաստանին հաթաթայի ֆոնին, ինչը իհարկե «ավագ եղբոր» միանգամայն բնական պահվածք է, Թուրքիայի արտգործնախարարը հայտարարում է, որ կաջակցեն արցախյան կարգավորման գործընթացում Բաքվի ցանկացած որոշման:

Աջակցության առերեւույթ միարժեք, սակայն համատեքստի առումով բազմիմաստ կոչ է: Անկարան փաստորեն պատասխանատվությունը թողնում է Ադրբեջանի վրա, Իլհամ Ալիեւի վրա: Իսկ ի՞նչ որոշում կարող է կայացնել Ալիեւը: Սկսել պատերա՞զմ եւ վտանգել ռեգիոնալ ամբողջ կայունությու՞նը, դրանից բխող համընդհանուր աղետի հեռանկարով, թե՞ բանակցություն ուժային կենտրոնների հետ՝ նախագահի պաշտոնը թողնելու եւ անվտանգ հեռանալու մասին:


Նյութի աղբյուր

Facebook Comments
Continue Reading

ԳԼԽԱՎՈՐ

To Top