Connect with us

Լուրեր Հայաստանից

Սպորտ

Թուրքական ֆուտբոլի լեգենդից` Uber-ի վարորդ. Հաքան Շուքյուրի կյանքը Էրդողանի հետ կոնֆլիկտից հետո

լուսանկարը՝ EMPICS Sport

2002 թվականի աշխարհի առաջնության երրորդ տեղի համար խաղում Թուրքիայի հավաքականի հարձակվող Հաքան Շուքյուրը խփեց մունդիալների պատմության մեջ ամենաարագ գոլը։ Շուքյուրն աչքի ընկավ խաղի մեկնարկից 10 վայրկյան հետո։ 

Գալաթասարայի լեգենդն ու Թուրքիայի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն իր հայտնի գոլից 18 տարի անց ստիպված դարձել է Uber-ի վարորդ և գրքեր վաճառող։ ԱՄՆ արտագաղթած Շուքյուրի կյանքի վրա մեծ ազդեցություն ունեցավ երկրում տեղի ունեցած իշխանափոխությունն ու Էրդողանի վարած քաղաքականությունը։ 

2011 թվականին Հաքանը միանում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությանը, սակայն երկու տարի անց որոշում է լքել այն։ 

«Եթե չընդունեի նրանց հրավերը և չզբաղվեի քաղաքականությամբ, երբեք չէի իմանա` ինչ է կատարվում երկրում։ Ականատես լինելով կոռուպցիային և շատ այլ վատ բաներին, ես որոշեցի դուրս գալ կուսակցությունից։ Այդ օրվանից կյանքս վերածվեց դժոխքի»։ 

Հաքան Շուքյուր

Գալաթասարայի նախկին ֆուտբոլիստին քննադատում էին ոչ միայն տեղական թերթերն ու կառավարությունը։ Հաքանի խոսքերով, նրա երեխաներին դպրոցում ծաղրում էին, ընտանիքին պատկանող խանութը քարկոծում և կնոջ հասցեին վիրավորանքներ հնչեցնում։ 

Շուքյուրը, ով ընտանիքի հետ արտագաղթում է ԱՄՆ, չէր լռում և առիթը բաց չէր թողնում, որպեսզի քննադատեր Էրդողանին։ Երկրում նրան մեղադրում էին Ֆեթոլա Գյուլենի (Էրդողանի գլխավոր մցակիցը) համախոհը լինելու մեջ։ 2016 թվականին Թուրքիայի կառավարությունը հայտարարեց, որ երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ձախողված փորձի կազմակերպիչներից մեկը «գյուլենիստ» Շուքյուրն էր։ 

«Ես «գյուլենիստ» չեմ, անում եմ այն, ինչի իրավունքը ունեմ։ Ես խոսում եմ կառավարության սարսափելի գործերի մասին։ Քանի որ իմ անունը Հաքան Շուքյուր է, նրանք օգտագործում են այդ հնարավորությունը, որպեսզի վախեցնեն մյուսներին»։

Հաքան Շուքյուր (լուսանկարը՝ Getty Images)

Հեղաշրջմանը մասնակցելու մեղադրանքներից հետո Էրդողանի կառավարության հրամանով ձերբակալվում է Շուքյուրի հայրը։ Նախկին հարձակվողի անշարժ գույքը ձեռքից խլում են, իսկ տեղական բանկերում պահվող 10 մլն դոլարը` կոնֆիսկացնում։ 

«Նա խլել է ինձնից իմ ազատությունը, խոսքի և աշխատանքի իրավունքը։ Հորս բանտ նետեցին և ազատ արձակեցին, որովհետև նա ուռուցք ուներ։ Բոլոր այն մարդիկ, ովքեր մոտ են ինձ, խնդիրներ ունեմ Թուրքիայում»։ 

Շուքյուրին անհանգստացնում էին նույնիսկ ԱՄՆ–ում։ Մարդկանց կասկածելի խմբեր այցելում էին նրա սրճարանն ու անհանգստություն պատճառում։ Ի վերջո, բանը հասավ նրան, որ Հաքանը հրաժարվեց իր բիզնեսը շարունակելու մտքից և դարձավ Uber-ի (տաքսիների հավելված) վարորդ և գրքեր վաճառող։ 

2017 թվականին Գալաթասարայը Շուքյուրին ակումբի կազմից հեռացնելու որոշում կայացրեց։ 

«Թուրքիայում սպորտն անկախ չէ։ Այնտեղ ազատություն չկա։ Բոլոր նախկին մարզիկները վախենում են խոսել երկրում տիրող խնդիրների մասին։ Նրանց բերանները փակ են։ Մեկ խոսք և ԶԼՄ–ները միանգամից կհարձակվեն նրանց վրա»։ 

Շուքյուրը, չնայած այս ամենին, շարունակում է քննադատել Էրդողանին և վերջինիս կառավարությանը։ Նա երբեմն հարցազրույցներ է տալիս համաշխարհային հեղինակավոր պարբերականներին և պատմում է` ինչ է կատարվում Թուրքիայում։ Հաքանը հույս է հայտնել, որ մի օր կկարողանա վերադառնալ հայրենիք։ Ներկա պահին, սակայն, տեղական ֆուտբոլի լեգենդը ԶԼՄ–ների և կառավարության թեթև ձեռքով դարձել է դավաճան, ազգի թշնամի և ահաբեկիչ։ 

Հոդվածում օգտագործվել են հատվածներ Շուքյուրի` Welt գերմանական պարբերականին տված հարցազրույից

ՀՐԱՅՐ ՂԱՀՐԻՅԱՆ



Facebook Comments
Continue Reading

Սպորտ

To Top