Connect with us

Լուրեր Հայաստանից

Սպորտ

Սուարեսն ու Ատլետիկո Մադրիդը. Ի՞նչ կարող է տալ ուրուգվայցին նոր թիմին և Դիեգո Սիմեոնեին

լուսանկարը՝ Jasen Vinlove-USA TODAY Sports

Բարսելոնան անշնորհք գտնվեց Լուիս Սուարեսի նկատմամբ և նրան դուրս հրավիրեց ակումբից։ 6 տարի կատալոնական ակումբին նվիրելուց հետո ուրուգվայցի հարձակվողը ավելի պատշաճ վերաբերմունքի էր արժանի (ոչ թե մեկ հեռախոսազանգի, որի ժամանակ կասեն, որ նա այլևս պետք չէ Բարսելոնային)։ 

Սուարեսը կարիերան շարունակելու երկու տարբերակ ուներ (խոսքը գնում է հավանական տարբերակների մասին)` Յուվենտուսն ու Մադրիդի Ատլետիկոն։ Եվ եթե չլիներ իտալերենի քննության հետ կապված սկանդալը (պարզվում է` Լուիսը նախօրոք իմացել էր պատասխանները և արտագրել թեստը), ապա 33–ամյա ֆուտբոլիստը կարող էր դառնալ Քրիշտիանու Ռոնալդուի թիմակիցը։ Ի վերջո, Յուվենտուսը կանգնեց Ալվարո Մորատայի տարբերակի վրա, իսկ Ատլետիկոն վերջինիս փոխարինեց Սուարեսով։ 

Դիեգո Սիմեոնեի համար սա կարող է կարևորագույն տրանֆսեր դառնալ։ Նախորդ մրցաշրջանում Ատլետիկոն իր հարձակվողների ցածր ռեալիզացիայի պատճառով հայտնվել էր ծիծաղելի իրավիճակում։ Անտուան Գրիզմանի հեռանալուց հետո ո՛չ Մորատան, ո՛չ Կոստան, ո՛չ էլ Ֆելիշը, չկարողացան գոնե կրկնել ֆրանսիացու արդյունավետությունը։ 

Սուարեսն իր վատագույն մրցաշրջանում, ավելի քիչ խաղաժամանակ ստանալով, միևնույն է մի գլուխ բարձր էր Ատլետների հարձակվողներից։ Եթե Բարսելոնայում ուրուգվայցին ավելի շատ գոլային հնարավորություններ էր ստանում, ապա Ատետիկոյում նա զրկված է լինելու այդ հաճույքից։ Սիմեոնեի թիմում, սակայն, նրա ֆունկցիաների արժեքը չի ընկնելու։ Ընդհակառակը, Լուիսից պահանջվելու է մեկ կարևոր բան` իրացնել յուրաքանչյուր խաղում ստեղծված  կամ 1 կամ 2 վտանգավոր պահերը։ 

Նախորդ մրցաշրջանում Ատլետիկոն մի շարք խաղերում կարևորագույն միավորներ կորցրեց, քանի որ հարձակվողները չէին կատարում վերը նշված ֆունկցիան։ Ստորև նկարում այն խաղերն են, որտեղ Չոլոյի (Սիմեոնեի մականունը) սաները ավելի մեծ xG ցույց տալով, չեն կարողացել հաղթել մրցակիցներին։ 

Փակագծերում նշված է ակնկալվող գոլերի քանակը։ Բոլոր խաղերում Ատլետիկոն առնվազն մեկ գնդակի առավելությամբ հաղթելու հնարավորություն ուներ։

Սիմեոնեի գլխավորությամբ Սուարեսը կարող է ֆիզիկական լավ մարզավիճակ հավաքել։ Բոլորին հայտնի է, որ Բարսելոնայում ուրուգվայցին թեթև մարզումների կողմնակիցներից մեկն էր։ Ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայության պայմաններում Լուիսը չէր կարողանում օպտիմալ մարզավիճակ հավաքել, ինչը նպաստում էր նրա խաղի ինտենսիվության մակարդակի անկմանը։ 

Սիմեոնեն պահանջկոտ է իր ֆուտբոլիստների հանդեպ և ցանկանում է, որպեսզի բոլորը հավասարապես մասնակցեն պրեսինգին։ Սուարեսի դեպքում, սակայն, արգենտինացի մասնագետը կարող է բացառություն անել` նրան ավելի քիչ ծանրաբեռնելով։ Սուարեսից պահանջվելու են գոլեր, իսկ մյուս ֆուտբոլիստներից` լրացնել նրա բաց թողած տարածությունները։ 

Ատլետիկոն շարունակում է մնալ Իսպանիայի առաջնության լավագույն պաշտպանությունն ունեցող թիմերից մեկը։ Տարիների ընթացքում Չոլոյի ստեղծած ֆուտբոլը թիմին մշտապես պահել է որոշակի բարձր մակարդակի վրա։ Սուարեսի տրանսֆերը կարող է քայլ առաջ լինել։ Հաշվի առնելով Բարսելոնայում տիրող իրավիճակը, Ատլետները կարող են Ռեալի գլխավոր մրցակիցը դառնալ չեմպիոնական մրցավազքում։

ՀՐԱՅՐ ՂԱՀՐԻՅԱՆ



Facebook Comments
Continue Reading

Սպորտ

To Top