Connect with us

Լուրեր Հայաստանից

Ենթա գլխավոր

Եթե ՍԴ դատավորները 2 տարի չընտրեն նախագահ, դա ինձ համար զարմանալի չի լինի

Մեր զրուցակիցն է փաստաբան Գևորգ Գյոզալյանը

Պարոն Գյոզալյան, նախօրեին Սահմանադրական դատարանի նախագահի միակ թեկնածու Երվանդ Խունդկարյանի ընտրությունը տապալվեց, նա չհավաքեց անհրաժեշտ թվով կողմ ձայներ: Ինչպես եք գնահատում այս գործընթացը և արդյոք իրավիճակն ավելի փակուղային չի դառնում:

Փակուղային չի դառնում, 10 օր հետո նորից կհավաքեն և, ի վերջո, կարծում եմ՝ կընտրեն ՍԴ նախագահ: Ինչ վերաբերում է ՍԴ նախագահի պաշտոնին, ապա անկեղծ ասած, մեզ մոտ դա մի քիչ ուռճացված է քաղաքական օրակարգում, քան իրավական: Իրավական առումով ՍԴ նախագահն ընդամենը վարչական գործառույթներ է իրականացնում: Ես հասկանում եմ, որ մեր իրականության մեջ նախագահ բառը շատերի համար կյանքի-մահու խնդիր է, բայց մեծ հաշվով, եթե օրենսդրության տեսանկյունից ես նայում, ինքը շատ  մեծ առավելություններ չի տալիս: Փոխարենը վարչական պատասխանատվություն է դնում ի թիվս ՍԴ դատավորի պարտականությունների: Իհարկե, այստեղ կարելի է նայել այն տեսանկյունից, որ այդ պաշտոնը տալիս է առավելություններ գործուղումների, ՍԴ-ն այլ երկրներում ներկայացնելու տեսանկյունից: Այդ առումով ես շահագրգռված եմ, որ դրսում մեր ՍԴ-ն ներկայացված լինի բարձր մակարդակով, այսինքն ներկայացված չլինի չինովնիկի մակարդակով: Այլ լինեին սահմանադրագետներ, սահմանադրական իրավունքի մասնագետներ: Այս առումով որոշակի հետաքրքրություն կա, բայց այն, ինչը ներկայացվում է կամ այն, ինչի վրա սևեռվել է մարդկանց ուշադրությունը, ես կարծում եմ՝ որոշակի առումով ուռճացված է: Ակնհայտորեն այդքան մեծ ուշադրությունը չի համապատասխանում ՍԴ նախագահի պաշտոնին:

Հաջորդ փուլը ո՞րն է լինելու իրավական առումով: Եղած թեկնածուներն են նորից քվեարկվելո՞ւ, թե՞ գուցե ԱԺ-ն նորից թեկնածուներ ներկայացնի:

Ոչ, Ազգային ժողովն իր լիազորությունները սպառեց: ԱԺ-ն լիասիրտ ընտրեց իր սրտի ՍԴ դատավորներին: Դրանից հետո ԱԺ-ն որևէ բան չի կարող անել: ՍԴ դատավորները, որոնք արդեն կան, 10 օր անց նորից պետք է հավաքվեն, նորից առաջադրումներ ու ինքնաառաջադրումներ լինեն, այս 10-օրյա ժամկետում հնարավոր է դատավորներն իրենք իրենց մեջ խոսեն, հասկանան տրամադրությունները: Նաև հաշվի առնենք, որ բավականին շատ նոր դատավորներ կան այնտեղ և լեզու գտնելու խնդիր ունեն: Կարծում եմ՝ ի վերջո, լեզու կգտնեն: Այնպես չի, որ այդ պաշտոնը թափուր կմնա:

Այսինքն՝ իրավիճակը փակուղային չէ՞:

Ոչ, բացարձակ փակուղային չէ: Ճգնաժամն այն էր, որ 3 ամիս չէին կարողանում ՍԴ լիագումար նիստեր գումարել և ՍԴ օրակարգում գտնվող հարցերին լուծումներ տալ: Ճգնաժամ էր, որ կանգնել էր ՍԴ աշխատանքը, իսկ սա ինչ-որ վարչական խնդիր է: Ես կարծում եմ, որ պարոն Խաչատրյանը կշարունակի ՍԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի իր լիազորությունները, և անգամ նախագահի մասով որևէ խնդիր չի լինի: Այդտեղ ողբերգություն չեմ տեսնում:

Իսկ հնարավո՞ր է, որ պերմանենտ ՍԴ-ն չկարողանա նախագահ ընտրել:

Որևէ բան չի կարելի բացառել, մանավանդ ներկա ՍԴ կազմի դեպքում: Դա կախված է իրենցից. Եթե որոշ դատավորներ որոշեն բոյկոտել, քաղաքական միտումներ դնել այս ամենի մեջ, փորձեն ավելի բարդացնել անձանց կյանքը, մասնավորապես այն անձանց, որոնք դիմել են ՍԴ, և նաև, ինչու չէ, միջազգային պայմանագրերի առումով, քանի որ դրանք ևս կաթվածահար վիճակում են: Եթե այս խնդիրը եղավ, ապա այո, կարող ենք ասել, որ խնդիրը կարող է տարիներով ձգվել:

Եթե ՍԴ դատավորները 2 տարի չընտրեն նախագահ, դա ինձ համար զարմանալի չի լինի: Ես, օրինակ, չեմ հասկանում ՍԴ դատավորների ընտրության տրամաբանությունը, ես չեմ հասկանում, թե ինչու ՍԴ նոր դատավորները բոլորը գնացին Սդ, ինչու հները չաշխատեցին: Շատ չհասկացված հարցեր կան ինձ մոտ:



Facebook Comments
Continue Reading

Ենթա գլխավոր

To Top