Connect with us

Լուրեր Հայաստանից

Ենթա գլխավոր

Կոնկրետ քայլերի մասին է խոսքը և առաջիկայում ավելի բացված տարբերակով կտեսնեք դա

Մեր զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծատռուկյանը

Շատերը նկատում են, որ ԲՀԿ-ի դիրքորոշման մեջ որոշակի մեղմացում կա, Գագիկ Ծառուկյանի վերջին ծավալուն հայտարարության մեջ կառավարության հրաժարականի պահանջ ըստ էության չկա։ Ի՞նչ է փոխվել, ԲՀԿ-ն այլ ուղղությո՞ւն է որդեգրում։

Ոչինչ չի փոխվել։ Ցանկացած մարդ իրավունք ունի ցանկացած բան ինչպես ինքը պատկերացնում է, այդպես մեկնաբանել։ Բայց միշտ չէ, որ ամեն մեկի պատկերացրածը կամ մեկնաբանությունը համապատասխանում է իրականությանը։

Նկատ ունեք, որ դուք չե՞ք շեղվում ձեր ուղուց, հստակ գնում եք կառավարության հրաժարականի ճանապարհո՞վ:

Ո՛չ, մենք մեր ուղուց չենք շեղվում։ Ուղղակի պարոն Ծառուկյանի վերջին հարցազրույցը, եթե նկատեք, ավելի խորքային ուսումնասիրությունների մասով էր և այնտեղ դիպուկ փաստացի օրինակներ էին բերվում։

Ամեն դեպքում դարձյալ խոսք էր գնում հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածության մասին։ Ինչո՞ւ է անընդհատ պարոն Ծառուկյանը խոսում դրա մասին: Դուք անձամբ տեսնո՞ւմ եք այդ հարաբերություններում լարվածություն, թե ոչ։

Բոլորը շատ լավ հասկանում են, որ Ռուսաստանը մեր ստրատեգիական գործընկերն է, և Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում մենք ինչպես եղել ենք ազնիվ, շիտակ, այդպես էլ կանք ու պետք է մնանք։ Եվ իհարկե բնական է, որ առավել ևս այս պայմաններում, կիսապատերազմական վիճակում, շատ կարևոր է, որ մենք մեր դաշնակիցների հետ ունենանք խիստ գործընկերային, խիստ ջերմ և լավ հարաբերություններ։ Եվ ցանկացած փորձ, որը անհատների կամ ինչ-որ այլ ուժերի, օտարածին ուժերի կողմից կփորձեն սեպ խրել այդ հարաբերությունների մեջ, դա իհարկե չի ստացվելու։

Ասում են, որ դուք փորձում եք, ըստ էության, Ռուսաստանից աջակցություն ստանալ այսպիսի հայտարարություններով։

Մենք միայն ու միայն մեր հույսը մշտապես դրել ենք ՀՀ ժողովրդի վրա և մեր քաղաքացիների վրա։ Ինչ վերաբերում է ասելուն, շատ մարդիկ շատ բաներ են ասում։ Թող ասեն ինչքան կարող են, փորձեն, դա իրենց իրավունքն է։

Այսինքն, մեղմացման որևէ տարր Դուք չտեսա՞ք այս վերջին հայտարարության մեջ։

Ես մեղմացում չեմ տեսնում։ Ես ընդամենը տեսնում եմ, որ կոնկրետ քայլերի մասին է խոսքը և առաջիկայում վստահ եմ, որ ավելի լայն, ավելի բացված տարբերակով դուք կտեսնեք դա։ Պարոն Ծառուկյանի ելույթի մեջ նկատեցիք նաև այն տեքստը, որ այո՛ մենք էլ մեր հերթին, իհարկե, պետք է այս իրավիճակը, որ ամեն օր, ամեն ժամ վատանում է, մենք էլ մեր մասով մեր անելիքներն ունենք անելու։ Եվ մենք իհարկե այդ անելիքները պարտադիր անելու ենք, որովհետև երբ խոսքը մեր քաղաքացիների առողջության ու կյանքի մասին է, այստեղ քաղաքականություն խաղալու մասին ուղղակի խոսք լինել չի կարող։

Կարծում եք ձախողե՞լ է կառավարությունը covid-ի դեմ պայքարը։

Ես չեմ կարծում, ես վստահ եմ, որ ձախողել է, որովհետև դա ցույց է տալիս այն վիճակագրությունը, որ մենք այսօր ունենք, դա ցույց է տալիս քայլերի հաջորդականությունը։ Այսինքն, եթե օրով, ժամով վերլուծենք, օրինակ ինչ է տեղի ունեցել աշխարհում, ինչ է տեղի ունեցել Հայաստանում, և ինչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը այս համավարակի հետ կապված։ Հենց սա է հիմնական սկզբունքներից մեկը, որ մենք նաև երկու ընդդիմադիր խմբակցություններով դիմել ենք, որպեսզի քննիչ հանձնաժողով ձևավորվի։ Եվ քննիչ հանձնաժողովը անպայման այդ խնդիրները կարծում եմ վեր կհանի և նաև այն մարդիկ, որոնք ունեն իրենց մեղքի բաժինը մեր քաղաքացիների կյանքի ու առողջության վտանգի ու սպառնալիքի մասով, բնականաբար պատասխան կտան։

Մյուս կողմից իշխանությանը մեղադրում են, ասում են՝  այ, Գագիկ Ծառուկյանն այսպես է խոսում, որովհետև հստակ չկարողացաք տարանջատել բիզնեսը քաղաքականությունից։ Համաձայն եք՞ այս քննադատությունների հետ։

Իհարկե ո՛չ, համաձայն չեմ, որովհետև վաղուց օրենքով այդ տարանջատումը տրված է։


Նյութի աղբյուր

Facebook Comments
Continue Reading

Ենթա գլխավոր

To Top