Connect with us

Լուրեր Հայաստանից

ԳԼԽԱՎՈՐ

Գագիկ Ծառուկյանի քաղաքական կարանտինը. նա սկսեց խանգարել բոլորին

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումից հետո հայտարարություն է տարածել կուսակցության քաղխորհուրդը, որտեղ ասվում է, որ Ծառուկյանը քաղբանտարկյալ է եւ իշխանությունը հաշվեհարդար է տեսնում ընդդիմադիր ամենամեծ ուժի հետ:

Գագիկ Ծառուկյանը եւ ԲՀԿ-ն հայտնվել են բավականին հանգուցային իրավիճակում: Նախ, ամենեւին սովորական չէ քրգործի բնույթը՝ համակարգային ընտրակաշառքի մեղադրանք կուսակցությանը: Այլ կերպ ասած, դրված է ոչ թե Ծառուկյանի տնտեսական, այլ քաղաքական դիրքի խնդիր, եւ ԲՀԿ-ն կարող է հայտնվել «օրենքից դուրս»:

Դա տեղի է ունենում մեկ այլ հետաքրքիր հանգամանքի ֆոնին՝ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումից հետո Գագիկ Ծառուկյանը հայտնվեց կալանատան ճանապարհին: Փաստացի, Ծառուկյանն ու Քոչարյանը փոխվում են տեղերով, Քոչարյանի տեղը հանձնում են Ծառուկյանին: Հարցը ներկայում այն է, թե արդյոք Ծառուկյանի կուսակցությունն էլ կհանձնեն Ռոբերտ Քոչարյանին:

Այստեղ է ԲՀԿ-ի համար պահի առանձնահատկության քաղաքական հանգամանքը: Ռոբերտ Քոչարյանը սկսել է քաղաքական բաց խաղ, Կրեմլի հավանության պայմաններում: Հայաստանում «հակառուսական ալիքի» դեմ պայքարի ծառուկյանական հայտը մերժված է, ընդ որում մերժված է չափից դուրս պարզ պատճառով՝ Հայաստանում չկա հակառուսական ալիք:

Ռուսաստանը Հայաստանում չունի այդպիսի խնդիր: Ռուսաստանի խնդիրը ավելի լայն է՝ Կովկասում իր ներկայությունը Թուրքիային զսպելու համատեքստում: Այդ հարցը Մոսկվան կարող է լուծել երկու իրողությամբ՝ ԱՄՆ հետ պայմանավորվածություն, եւ Հայաստանի ինքնիշխան ու դիվերսիֆիկացված անվտանգային ռազմա-քաղաքականություն:

Միեւնույն ժամանակ, Ռուսաստանին այդ բարդ մեխանիզմը իրացնելու համար անհրաժեշ է կայուն քաղաքական երաշխիք, բազմաշերտ երաշխիք: Այդպիսի երաշխիք է դիտվում Ռոբերտ Քոչարյանը: Երկրորդ նախագահն էլ համաձայնել է լինել այդ դերում: Առաջիկայում դրված է նրա իշխանության գալու հնարավորություն ձեւավորելու հարց, ինչը ամենեւին նույնական չէ իշխանության բերելու հարցին:

Գագիկ Ծառուկյանն այլեւս դառնում է ավելորդ գործոն, որը խանգարում է Հայաստանում ռազմավարական եւ աշխարհքաղաքական հավասարակշռության ձեւավորման միտված արդյունավետ  գործընթաց ծավալելուն: Նա խանգարում է բոլորին՝ Փաշինյանին, Արեւմուտքին, Ռուսաստանին, Քոչարյանին: Հատկանշական է, որ Ծառուկյանին այդ մասին պարզորոշ ակնարկեցին ռուսական հատուկ ծառայության՝ արեւմտյան թեւից եկած արտահոսքով:

ԲՀԿ-ն կամ կվերադառնա Ռոբերտ Քոչարյանին, որտեղ դե ֆակտո սկսել է կուսակցությունը 2005-06 թվականներից, կամ ստիպված կլինի հաղթել Քոչարյանին: Ամբողջ հարցն այն է, որ չկա Քոչարյանի հանդեպ ԲՀԿ քաղաքական հաղթանակի պահանջարկ: Կձեւավորվի՞, այլ հարց է: Գոնե առայժմ չի նշմարվում դրա հավանականությունը:

Կալանքը Ծառուկյանի համար ինչ որ իմաստով ստանում է քաղաքական կարանտինի նշանակություն, իրավիճակի շուրջ խորհելու համար, ընդ որում խորհրդանշական իմաստով՝ երկրորդ նախագահի հետ կալանատեղով փոխվելու առումով:



Facebook Comments
Continue Reading

ԳԼԽԱՎՈՐ

To Top